«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը Սուեզի ջրանցքի փաստացի այլընտրանք է․ ՌԴ փոխվարչապետ

Հայաստանը կարող է միջանցքին միանալ իր համանուն նախագծով՝ «Հյուսիս– հարավ» ավտոմայրուղով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը Սուեզի ջրանցքի փաստացի այլընտրանքն է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը aif-ru-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության մեջ մեծ առաջխաղացում կա։
«Անցած տարվա ընթացքում մեզ մոտ մեծ փոփոխություններ տեղի ունեցան։ Արդեն համաձայնագրեր են կնքվել Իրանի, Ադրբեջանի հետ՝ երկաթուղին մինչև Պարսից ծոցի նավահանգիստներ երկարացնելու վերաբերյալ։ Թուրքմենստանի գործընկերները սկսել են Իրանի ուղղությամբ ճանապարհ կառուցել Կասպից ծովի երկայնքով, այսպես կոչված՝ Կասպից ծովի արևելյան շրջանցումը, և նախատեսում են աշխատել Ղազախստանի ուղղությամբ», - ասել է նա։
Իր հերթին Ռուսաստանը սինխրոնացնում է շինարարության ծրագրերը Ղազախստանի գործընկերների հետ։ ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը փաստացի այլընտրանք է Սուեզի ջրանցքին։ Ռուսաստանը, որտեղ կա հզոր ջրային զարկերակ՝ Վոլգա գետը, որը հարմար ճանապարհ է բացում դեպի Կասպից ծով, իհարկե, պետք է զարգացնի բեռների արագ փոխադրումը տրանսպորտի մի տեսակից մյուսը։
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մասին միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 2000 թ-ի սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում:
Նախագիծն իրենից ներկայացնում է 7,2 հազար կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք, որը պետք է կապ ապահովի Բալթյան տարածաշրջանի և Հնդկաստանի միջև՝ Իրանի և Ռուսաստանի միջոցով: Միջանցքի թողունակությունը տարեկան 20-30 մլն տոննա բեռ է։ Ընդ որում, Երևանը «Հյուսիս-հարավ» միջանցքի մասին համաձայնագրի լիիրավ մասնակից է դարձել դեռ հեռավոր 2004 թ-ին։
Հայաստանը կարող է միջանցքին միանալ իր համանուն նախագծով՝ «Հյուսիս– հարավ» ավտոմայրուղով։ Այսպես Հնդկաստանից ապրանքները կարող են տեղափոխվել Իրան, այնուհետև՝ Հայաստան և արդեն այստեղից՝ Ռուսաստան (նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով)։ Դա Հայաստանի համար համագործակցության հնարավորություններ կբացի համաձայնագրի մասնակից մյուս երկրների (Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Օման, Ղազախստան, Բելառուս և այլն) հետ՝ ենթակառուցվածքների զարգացման, միջազգային փոխադրումների, սահմանների հատման ընթացակարգերի պարզեցման և այլ հարցերի առումով։