Բագրատ սրբազանը վաղը կմեկնի Կիրանց

Սրբազանը դիմեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին` հորդորելով նրան ինչ–որ ձև գտնել հանդիպելու իր հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Վաղը առավոտյան 9:30-ին Բագրատ սրբազանը կմեկնի Կիրանց: Այդ մասին նա հայտնեց Սուրբ Աննա եկեղեցու բակում ելույթի ժամանակ։
Նա կոչ արեց բոլոր ցանկացողներին վաղը հավաքվել Աբովյանի ճանապարհին տուֆ քարի մոտ (Երևանի հյուսիսային դարպասներ)։
«Մենք այս ընթացքում չենք վերադարձել Կիրանց ու գտնում եմ, որ կարեւոր է վերադառնալ այնտեղ»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ մի խումբ պատգամավորներ ու մշակույթի գործիչներ չեն կարողացել հասնել Կիրանց գյուղ, քանի որ ուժայինները փակել էին ճանապարհը։
Բագրատ սրբազանը իր խոսքում անդրադարձավ մի քանի քաղաքական գործիչների, այդ թվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին` հորդորելով նրան ինչ–որ ձև գտնել հանդիպելու իր հետ։
«Ժամանակ գտեք, ձև գտեք... Ձեզ հետ փորձել են կապի դուրս գալ, չի ստացվել, կուզե՞ք, ձևը գտեք հանդիպեք։ Քանի որ մենք հռչակել ենք, որ եռագույնը հաղթել է սևուսպիտակին, և սևուսպիտակը վերջին խռխռոցներն է անում և այդ սևուսպիտակը ձեզանից է եկել, սիրելի Հայկ Մարության, առանց վիրավորանքի եմ ասում։ Տղաները փորձել են գտնել ձեզ, հրավիրել հանդիպման, արձագանք չի եղել։ Հիմա էսպես եմ ասում, եկեք, հանդիպենք»,– ասաց նա։
Բագրատ սրբազանը հայտարարեց, որ երեքշաբթի օրը 16։00–ին հանդիպում է ունենալու նաև հասարակական գործիչների հետ։