ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշվում է, որ Արարատ Միրզոյանը մասնակցելու է Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին, որն անցկացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ։
Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և միջուկային անվտանգության փորձագետների համար՝ քննարկելու միջուկային անվտանգության ապագան ամբողջ աշխարհում՝ միաժամանակ հնարավորություն տալով տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման և միջուկային անվտանգության ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման համար։
Համաժողովի աշխատանքները նպաստում են միջուկային անվտանգության հարցերի լայն շրջանակի, ներառյալ առկա մարտահրավերների և դրանց միտումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ոլորտում առաջնահերթությունների վերանայմանը, հրատապ ուշադրության կարիք ունեցող ուղղությունների հասցեագրմանը։ Համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2026-2029թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին և 17–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում էր Ստրասբուրգում (Ֆրանսիա)։ Այնտեղ նա ստորագրել էր «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա):
ԵԽ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է ԵԽ 70 կոնվենցիա և միացել ԵԽ 12 մասնակի համաձայնագրի: