Սպանություն Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Ձեռնաշղթա
Բարևելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունը վերածվել է սպանության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով մահացել է Արտաշատ քաղաքի բնակիչ 27-ամյա Վահագն Վարդանյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը` ներկայացնելով դեպքի մանրամասները։
Ոստան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը մայիսի 16-ին Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող հացի փռում բարևելու հարցի շուրջ վիճաբանության է բռնվել 30-ամյա համագյուղացու հետ։ Այնուհետև պարզաբանումը շարունակել են գյուղում, ապա ժամը 22.30-ին՝ գերեզմանատան մոտ, որտեղ 24-ամյա երիտասարդը գնացել է չորս հոգու, իսկ 30-ամյա համագյուղացին՝ 35-ամյա հորեղբորորդու հետ։
24-ամյա երիտասարդը իջնելով մեքենայից՝ իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից կրակել է 30-ամյա համագյուղացու ուղղությամբ՝ պատճառելով վնասվածքներ, ինչին ի պատասխան՝ նրա 35-ամյա հորեղբորորդին իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակել և մարմնական վնասվածքներ է պատճառել նրան և 27-ամյա Վահագն Վարդանյանին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։
Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում երկրի սահմանը լքել պատրաստվող 35-ամյա տղամարդը մայիսի 17-ին` ժամը 6.45-ին, Գոգավանի մաքսային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել է մարզային քննչական վարչություն: Ձերբակալվել է նաև 35-ամյա հորեղբորորդին։ Հայտնաբերվել և մարզային քննչական վարչություն են ներկայացվել նաև մյուս երկու մասնակիցները։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են վերջիններիս կողմից վարած տրանսպորտային միջոցները, մահակ, 9 մմ տրամաչափի պարկուճ, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի 4 պարկուճ, 12 մմ տրամաչափի 3 փամփուշտ և արնանման հետքեր: