ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Մոսկվան շարունակում է բաց մնալ Արևմուտքի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության համար, բայց հավասարության հիմունքներով բոլոր խնդիրները միասին քննարկելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի 32-րդ վեհաժողովի նիստի ժամանակ:
«Մենք շարունակում ենք բաց մնալ Արևմուտքի հետ երկխոսության համար, այդ թվում՝ անվտանգության, ռազմավարական կայունության հարցերի շուրջ։ Բայց առաջին հերթին ոչ թե ուժի դիրքերից, ոչ թե սեփական բացառիկության դիրքերից, այլ միայն հավասարության հիմունքներով և միմյանց շահերը հարգելով»,-ասել է Լավրովը։
Նա հավելել է` Ռուսաստանի համար երկրորդ կարևոր պահն այն է, որ երկխոսությունը պետք է լինի այն խնդիրների ամբողջության շուրջ, որոնք առկա են այսօրվա աշխարհում՝ ռազմավարական կայունության ոլորտում և ռազմաքաղաքական լանդշաֆտում:
Լավրովը համաձայն է այն կարծիքի հետ, որ Եվրոպան դեռ առնվազն մեկ սերունդ Ռուսաստանի գործընկերը չի լինի։ Նա մեջբերել է ռուս քաղաքագետ Տրենինին, որն իր հոդվածներից մեկում գրել էր. «Եվրոպան որպես գործընկեր մեզ համար առնվազն մեկ սերնդի կտրվածքով արդիական չէ»: Նախարարն ընդգծել է, որ իրենք գործնականում դա գրեթե ամեն օր են զգում։