Կիրանցի մոտ տղամարդկանց են ձերբակալել․ նրանք կասկածվում են թմրամիջոց պահելու մեջ

ՀՀ քննչական կոմիտե
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից է ձերբակալվել ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Կիրանցի մոտ բողոքի ակցիայի շրջանակում իրականացվող ուժեղացված ծառայության ժամանակ «Օպել» մակնիշի ավտոմեքենա են կանգնեցրել տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու պատճառով։ Վարորդը մեքենայի սրահից իր գրպանն է տեղափոխել ծխախոտի տուփ։ Պարեկների կողմից գրպանի պարունակությունը տրամադրելու պահանջ ներկայացվելուց հետո վարորդը նետել է ծխախոտի տուփը։
Պարզվել է, որ դրանում առկա է եղել կաթուցիչ և դեղնականաչավուն կանեփանման զանգված, ինչից հետո ավտոմեքենայի 59-ամյա վարորդը և 66-ամյա ուղևորը, որոնք Երևան քաղաքի բնակիչներ են, ապօրինի կերպով թմրանյութեր պահելու կասկածանքով տեղափոխվել են ոստիկանության բաժին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Փորձել են «Սևան» ՔԿՀ թմրանյութ անցկացնել կիսագուլպաներով