ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մայիսի 21-ին ՀՀ փաստաբանները գործադուլ կանեն՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Այս մասին հայտարարություն է տարածել Փաստաբանների պալատը։
Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Փաստաբանները պահանջում են ԱԺ-ից՝ հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները օրենքի նախագծից, որի պատճառով շեշտակի կբարձրանան փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար և գները։
Օրենքի փոփոխության դեպքում կբացառվի անվճար իրավաբանական օգնության տրամադրման հնարավորությունը, քանի որ այն նույնպես ենթակա է լինելու հարկման։ Դա կհանգեցնի նրան, որ անհամեմատ կավելանա Հանրային պաշտպանի գրասենյակի դիմողների քանակը, որն էլ իր հերթին ավելացնելու է պետության ֆինանսական պարտավորության բեռը։ Էականորեն կնվազի քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը և դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը:
Մայիսի 21–ին ՀՀ փաստաբանների պալատում կանցկացվի մամուլի ասուլիս: