«Հզբոլլահը» իսրայելական բանակի շտաբին հարվածներ է հասցրել.զոհեր և վիրավորներ կան

«Հզբոլլահի» մարտիկ. Արխիվային լուսանկար
Թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ անօդաչուներով հարձակվել է իսրայելական բանակի հրամանատարության շտաբի վրա` Իսրայել-Լիբանան սահմանի հատվածում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հարվածների հետևանքով, շարժման պնդմամբ, կան զոհեր և վիրավորներ:
«Իսլամական դիմադրությունը մայիսի 17-ին ԱԹՍ-ների օգնությամբ գրոհել է Հաաթոնում 411-րդ հրետանային գումարտակի հրամանատարության շտաբը, որտեղ տեղակայված էին սպաներ և զինվորներ։ Թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ, արդյունքում զինծառայողների շրջանում կան զոհեր և վիրավորներ»,- ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով` մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Լիբանանի հարավում` Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է Իսրայելի հյուսիսի շուրջ 80 հազար բնակիչների մասին, որոնք հայտնվել են նույնատիպ իրավիճակում։