ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանը, լինելով առաջին քրիստոնյա երկիրը, ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ։Այս մասին Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապն ասել է Սուրբ աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Բորիս Սահակյանի հետ հանդիպման ժամանակ` կարևորելով երկու քրիստոնյա երկրների միջև հարաբերությունների խորացումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ այսօր` մայիսի 17-ին, Սուրբ աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապին:
«Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սահակյանը իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում տևական կայունության հաստատմանն ու հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում նորին սրբության շարունակական կոչերի ու ուղերձների համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկզբունքային դիրքորոշման համար»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Դեսպանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է էլ ավելի զարգացնել և խորացնել դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները:
Ֆրանցիսկոս պապը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին իր առաքելության մեջ: