ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում սուրճն ու շոկոլադը մոտ ապագայում շեշտակի կթանկանան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կանխատեսումն արեց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը, որը նաև սուրճի վաճառքով զբաղվող գործարար է։
Նա նշեց, որ սուրճի ու կակաոյի թանկացումը աշխարհում սկսվել է դեռ մարտ–ապրիլից։ Հայաստանյան գործարարներն առայժմ փորձում են հնարավորինս ցածր պահել գները, քանի որ դեռ վաճառում են նախորդ տարվա բերքից ձեռք բերած խմբաքանակները։ Բայց կայունությունը երկար պահպանել չի հաջողվի։
«Ներմուծողը վախենում է իր ապրանքն էժան վաճառել, քանի որ հաջորդ խմբաքանակը ստիպված է լինելու ավելի բարձր գնով ձեռք բերել և վախենում է` գումարը չբավարարի։ Դրա համար մինչ այդ խմբաքանակը գնելը հին խմբաքանակի գինը արդեն ստիպված է լինելու որոշակի չափով բարձրացնել»,– ասաց Մխչյանը։
Նրա տվյալներով` միջազգային բորսաներում սուրճի գինը մարտի համեմատ արդեն բարձրացել է շուրջ 50-60 տոկոսով և դեռ շարունակում է բարձրանալ։
Պատճառը այս տարվա վատ բերքն է ու համաշխարհային շուկայում աճող պահանջարկը, հատկապես «Ռոբուստա» տեսակի սուրճի նկատմամբ։ Եթե նախկինում այս տեսակը համարվում էր էժանագին ու պահանջարկ ուներ միայն ցածր եկամուտ ունեցող երկրներում և անվճարունակ սպառողների շրջանում, այսօր այն լայն պահանջարկ է վայելում նաև սուրճի համաշխարհային առաջատար արտադրողների շրջանում, քանի որ օգտագործվում է «Էսպրեսսոյի» և լուծվող ըմպելիքների մեջ։
«2001-2002թթ–ին «Ռոբուստան» 5 անգամ էժան էր «Արաբիկայից», պահանջարկն էլ շատ ցածր էր։ Աշխարհի շատ երկրներում այն նույնիսկ մնում էր, չէր վաճառվում։ Եթե նախկինում ինդոնեզական «Ռոբուստայի» 10կգ–անոց պարկը վաճառվում էր 40 դոլարով, այսօր դրա գինն արդեն 80 դոլար է»,– նշեց գործարարը։
Թե որքանով կթանկանա սուրճը և որքան տևական կլինի թանկացումը, մեր զրուցակիցը դժվարացավ կանխատեսել։ Նրա խոսքով` դա հիմնականում կախված կլինի համաշխարհային շուկայի խոշոր խաղացողներից` աշխարհահռչակ այնպիսի ցանցերից, ինչպիսիք են «Starbucks»–ը, «Tchibo»–ն, «McCafe»-ն և այլն։ Եթե սպասվող սակավ բերքը բավարարի խոշոր սպառողների տարեկան պահանջարկը, Մխչյանի դիտարկմամբ, շուկան փոքր–ինչ կհանդարտվի։ Հակառակ դեպքում գները կշարունակեն բարձրանալ` առկա պահանջարկին համապատասխան։
Սուրճի թանկացմամբ, սակայն, խնդիրը չի ավարտվում։ Համաշխարհային շուկայում արդեն նաև կակաոյի աննախադեպ թանկացում են արձանագրել։ Պատճառը նույնն է` վատ բերքը։
«Շոկոլադի համաշխարհային արտադրողներն այսօր կանգնած են փաստի առաջ, թե ինչ են անելու, ոնց են թանկացումների տակից դուրս գալու»,– ասաց Մխչյանը` հավելելով, որ խնդիրը չի շրջանցելու նաև հայաստանյան քաղցրավենիքի շուկան` շոկոլադից մինչև թխվածքների արտադրություն։
Հայաստանյան սուրճի ու քաղցրավենիքի շուկայում սպասվող ցնցումը, գործարարի կարծիքով, կարող է որոշակիորեն մեղմել միայն դոլարի փոխարժեքի նվազումը ՀՀ դրամի համեմատ։ Բայց սա միայն փոքր մեղմացուցիչ հանգամանք է, և թանկացումից խուսափել, միևնույնն է, չի հաջողվի։
Սուրճի միջազգային կազմակերպության (ICO) վերջին զեկույցի համաձայն` սուրճի «Ռոբուստա» տեսակի համաշխարհային գներն ապրիլին գերազանցել են վերջին 45 տարվա ռեկորդը` հասնելով 10 կգ–ի դիմաց 40 դոլարի։
Համաշխարհային կազմակերպությունն արձանագրում է սուրճի բերքի 9,7%-անոց անկում։ Անկման հիմնական երկիրը Ինդոնեզիան է, որը, ի դեպ, Հայաստանի հիմնական մատակարար երկիրն է։ Այստեղ բերքի կորուստը գնահատում են երկնիշ թվերով։
Կակաոյի բերքի անկումը համաշխարհային շուկայում շատ ավելի լուրջ ցնցումներ է առաջացրել։ Փորձագետների հաշվարկով` 2024թ–ի գարնանը 2023 թվականի համեմատ կակաոյի հումքի գինը համաշխարհային շուկայում բարձրացել է 65%-ով։
Մարտի վերջին դրա արժեքը հասել է աննախադեպ ցուցանիշի` 1 տոննայի դիմաց 10 000 դոլարի։