Բագրատ սրբազանը հանդիպել է Տեր–Պետրոսյանի կուսակցության ներկայացուցիչների հետ

Բագրատ սրբազան
Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը բազմաթիվ ելույթներով արտահայտել են իրենց անհամաձայնությունը գործող իշխանության քաղաքականությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի կուսակցության` Հայ ազգային կոնգրեսի անդամներ Լևոն Զուրաբյանի ու Արամ Մանուկյանի հետ։ Նա այդ մասին հայտնեց լրագրողների հետ զրույցում։
«Խոսել ենք իրենց դիրքորոշման ու կեցվածքի մասին, և հետո մենք երկար տարիների բարեկամություն ունենք։ Ի վերջո ես հոգևորական եմ»,– ասաց Բագրատ սրբազանը։
Լրագրողի հարցին, թե ՀԱԿ անդամներն արդյոք աջակցում են շարժման կողմից առաջ քաշված պահանջներին, օրինակ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, նա պատասխանեց` այդ մասին ասելու կարիք չկար, քանի որ նրանք մեկ անգամ չէ, որ խոսել են դրա մասին։
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հետ վաղվա հանդիպումներին, Բագրատ սրբազանն ասաց, որ մի մասի հետ այս ընթացքում արդեն հանդիպել են, բայց քանի որ կուսակցությունները շատ են, իսկ ժամանակը` քիչ, որոշել են նաև ընդհանուր հավաք անել և որոշակի եզրահանգման գալ միասին։
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։