ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն` Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մայիսի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա: Պատվիրակության կազմում են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և այլ պաշտոնատար անձինք:
«Դա հիմք է տալիս երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար։ Վրաստանը պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության և խաղաղության մեջ»,-ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Թբիլիսին աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևին։
Իր հերթին Էրդողանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը ողջ տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է անվանել:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։