Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյանի ծնողների համար. նախարարի խոսնակի արձագանքը

Գնել Սանոսյան
Նախարարի խոսնակն ընդգծել է, որ առանձնատունը Գնել Սանոսյանին վերագրելը և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն են կառուցում նրա եղբայրները։ Այս հայտարարությունը տարածել է նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանը` արձագանքելով «Հետքի» «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հրապարակմանը։

«Առանձնատունը կառուցվում է նախարարի եղբայրների կողմից ծնողների համար։ Նախարարի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում։ Եղբայրներն այժմ էլ շարունակում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել այնտեղ։ Տարիներ շարունակ խնայողությունների, ընթացիկ եկամուտների արդյունքում էլ ձեռք է բերվել նշյալ հողամասը և իրականացվում է առանձնատան շինարարությունը»,– գրել է Հարությունյանը ֆեյսբուքյան էջում։

Նա ընդգծել է, որ առանձնատունը նախարարին վերագրելը և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են։