Ռուբեն Վարդանյանի կալանքը 5 ամսով երկարաձգվեց. պաշտպանը դա անօրինական և անհիմն է համարում

Ռուբեն Վարդանյան
Ավելի վաղ Բաքվում ևս 5 ամսով երկարաձգվել էին Արցախի նախկին 7 ղեկավարների կալանքի ժամկետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանակն լրատվամիջոցները։
Ռուբեն Վարդանյանի պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական և անհիմն։
«Քննիչն ամեն անգամ կալանքը երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնելիս նշում է, որ չի հասցրել ավարտել քննությունը և հասկանալ, թե կոնկրետ ինչ է պատրաստվում անել առաջիկա ամիսներին։ Պատասխանները ձևական բնույթ են կրում, կրկնվում են։ Ընդ որում, մարդը, ում մեղքն ապացուցված չէ դատարանի կողմից, շարունակում է մնալ ճաղերի հետևում։ Չկա պատկերացում, թե երբ է տեղի ունենալու դատական նիստը։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատը կարող է նշանակվել ևս 6-9 ամիս հետո»,– ասել է ՌԴ-ում պաշտպանության ներկայացուցիչ Վիկտորյա Բուրկովսկայան։ Բացի այդ, ըստ Բուրկովսկայայի, պարզ չէ, թե արդյոք դատավարությունը բաց կլինի, չնայած այն հանգամանքին, որ բաց դատավարությունը գործընթացի օրինականությունն ապահովելու միակ միջոցն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվում ևս 5 ամսով երկարացրել են Արցախի նախկին ղեկավարների՝ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի կալանքի ժամկետները։
Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 5 ամսով։
Հավելենք, որ բոլոր նրանք ձերբակալվել են 2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախից ՀՀ անցնելու ժամանակ։