ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանն աջակցելուց և հարթակում ելույթ ունենալուց հետո Երևանի քաղաքապետարանը պահանջել է ազատել տարածքը, որը նախկինում տրամադրվել էր բարեգործության համար։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց այդ տարածքում բարեգործական գործունեություն ծավալող Անաիս Սարդարյանը։
«Տարածքը գտնվում էր Բուզանդ 1/3 հասցեում` Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում, Ամանորին էին տվել այդ տարածքը, որպեսզի այնտեղ հավաքենք զոհված զինծառայողների երեխաների համար նվերներ, բայց դրանից հետո շարունակեցինք այնտեղ նվերներ հավաքել արցախցի հաշմանդամություն ունեցող երեխաների համար ու այդպես շարունակ։ Երբեք խոսակցություն չի եղել, որ մեզ պատրաստվում են այնտեղից հանել»,– ասաց նա։
Սարդարյանը նշեց, որ այսօր առավոտյան են իրենց տեղեկացրել, որ պետք է ազատեն տարածքը` ասելով, թե այնտեղ պետք է վերանորոգում իրականացնեն։ Նա վստահ է, որ պատճառը օրեր առաջ հանրահավաքի ժամանակ իր ելույթն է եղել։
«Կոնկրետ Ավինյանն (Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը,–խմբ.) էր այդ տարածքը տրամադրել, անվճար, միջնորդել էին ավագամնու ՔՊ–ական անդամները»,– նշեց նա։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այդ տարածքն այս պահին անհրաժեշտ է քաղաքապետարանին սեփական կարիքների համար` հավելելով, որ Անաիս Սարդարյանը քաղաքապետարանի հետ ոչ մի պայմանագրային հարաբերություն չունի։
Հիշեցնենք՝ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։