ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Առաջիկայում մեծ հանրահավաք կլինի, որի ժամանակ կազդարարվի նաև անդադար պայքարի մասին։ Այս մասին Երևանի Սբ Աննա եկեղեցու մոտ օրվա ամփոփման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Առաջիկա հանրահավաքին ես կհայտարարեմ հստակ ճանապարհային քարտեզը։ Հանրահավաքից հետո կսկսվի ինտենսիվ պայքարը, որը մեզ տանելու է մեր ցանկացած հանգրվանին»,–ասաց սրբազանը։
Նա նշեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վաղը կհանդիպի մի խումբ երիտասրադների հետ, հետո` ժամը 17։00–ին, բժիշկների հետ, իսկ 18։00–ին հանդիպում է նախատեսված դասախոսների հետ։
Տավուշի թեմի առաջնորդը նշեց, որ առաջիկա օրերին նաև պահեստազորի սպաների հետ կհանդիպի։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։