ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Կիպրոսում դիվանագիտական ներկայությունը կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների էլ ավելի զարգացմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է, որ ներկայումս երկու երկրների դեսպանությունները գործում են համատեղության կարգով՝ Կիպրոսում Հայաստանի դեսպանության նստավայրն Աթենքում է, իսկ ՀՀ–ում Կիպրոսի դեսպանությունը` Մոսկվայում:
2024 թ. մարտի 14-ին կիպրական կողմը պաշտոնական հայտագրով տեղեկացրել է Կիպրոսի Նախարարների խորհրդի՝ Հայաստանում Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչություն (դեսպանություն) բացելու որոշման մասին: Այս մասին Կիպրոսի ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարել է նաև մարտի 7-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
Նույն այցի շրջանակում ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը ասաց նաև, որ Կիպրոսն էլ դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում։
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։