ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այս ամիս այցելել են ապօրինաբար պահվող հայ գերիներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հանդիպում եղել է այն անձանց հետ, որոնց գտնվելը Բաքվի բանտերում հաստատված է ադրբեջանական իշխանության կողմից»,– ասաց նա։
Ամատունին նշեց, որ այցը ինչպես միշտ տեղի է ունեցել Կարմիր խաչի ընթացակարգերի շրջանակում։ Ձերբակալվածներին ընտանիքների հետ շփումների հնարավորություն է ընձեռվել:
Նշենք, որ վերջին անգամ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել էին փետրվարի վերջին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 5-ի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։