ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Հայաստանն ունի հարաբերությունների կարգավորման ամուր քաղաքական կամք, և դրա լիարժեք փոխադարձման պարագայում հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը:
«Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին՝ նախարար Միրզոյանը վկայակոչել է երկու երկրների ղեկավարների մակարդակով արտահայտված դիրքորոշումը, որով վերահաստատվում է 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարար Միրզոյանը հավելել է, որ ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներն ու տարածաշրջանում խաղաղության հասնելուն միտված ջանքերը փոխկապակցված են. ինքնիշխան, ժողովրդավար պետության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հարգանքի, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանման միջոցով է հնարավոր հասնել հարատև խաղաղության։
Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։ Այս համատեքստում հիշատակվել են նաև ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևերը և ընդգծվել է դրանց կյանքի կոչման կարևորությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն երկօրյա աշխատանքային այցով Ստրասբուրգ է մեկնել այսօր` մայիսի 16-ին: Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա):