ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ «Արմենպրեսին» այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների այսօրվա հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին։
«Երկու կողմերի սահմանապահները Կիրանցի առավել զգայուն հատվածում ավելի ուշ կտեղակայվեն, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման»,– նշել են վարչապետի աշխատակազմից։
Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ:
«Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով»,– հայտնել են վարչապետի աշխատակազմից:
Ինչ վերաբերում է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուն և Ոսկեպար-Բաղանիս` ԽՍՀՄ ժամանակների ճանապարհին, ապա երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձևով` ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, և սահմանագիծը գտնվում է թե՛ ճանապարհից, թե՛ եկեղեցուց բավականին հեռու:
«Ճանապարհի տեղափոխման խնդիր, այո՛, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաև Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, և կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները` ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները և կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ»,– հայտնել է պետական կառույցը:
Վարչապետի աշխատակազմը նաև պարզաբանել է, թե ինչու է սահմանազատման համար ընտրվել ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի` 1976 թվականի քարտեզը. «Դա, ըստ էության, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզն է: ՀՀ կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը»։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։