Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, իսկ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ն արդեն բախվել է իրավիճակների, երբ երկրները ուշացրել են իրենց մուծումները կամ մաս-մաս վճարել, և դա լուրջ խնդիրների չի հանգեցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 այիսի – Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն ասել է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մեջ ոչ մի ողբերգական բան չկա՝ ընդգծելով, որ Երևանը դուրս չի գալիս կազմակերպությունից: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Իրականում ֆինանսավորման կասեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է գործել։ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից։ Այն շարունակում է աշխատել», - ասել Է Պանկինը լրագրողներին «Ռուսաստան - իսլամական աշխարհ՝ KazanForum» միջազգային տնտեսական համաժողովի նստաշրջանի ընթացքում։
Պանկինը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ն արդեն բախվել է իրավիճակների, երբ երկրները հետաձգել են իրենց վճարները կամ մաս-մաս են վճարել, և դա լուրջ խնդիրների չի հանգեցրել: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հետագա կուրսը որոշվելու է ինչպես նրա ազգային շահերով, «որոնք պետք է լավ ներկայացնի ու հասկանա», այնպես էլ սեփական անվտանգության ապահովման հնարավորություններով:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հանրապետությունը ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և այդ որոշմամբ նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել է, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
2024 թ. մարտին Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում են երկրի ինքնիշխան տարածքին: Ընդ որում, ավելի վաղ հայկական կողմը դադարել էր մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին։