ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը համակարծիք է իր գյուղացիների հետ և պատրաստ է նրանց կողքին կանգնել։Այս մասին Շահինյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում։
Երեկ հայտնել էինք, որ ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում՝ ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Այսօր վաղ առավոտից ԱԱԾ–ից եկել են գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։ Բնակիչներն էլ ոտքի են կանգնել իրենց անհամաձայնությունը հայտնելու սահմանազատման արդյունքներին։
«Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ»,–ասաց գյուղապետը։
Գյուղացիներն էլ նշեցին, որ եթե նա իր հրաժարականով կարող է օգուտ տալ բնակիչների խնդիրների լուծմանը, թող տա, հակառակ դեպքում իմաստ չունի։ «Դու մեզ միացի, մենք էլ քո հետ ենք։ Հրաժարական տալ պետք չի»,–ասացին հավաքված կիրանցիները։
Գյուղապետը դիմեց բնակիչներին և հայտնեց, որ ՀՀ կառավարությունից ներկայացուցիչ է գալիս Իջևան և ուզում է բնակիչներից մի քանիսի հետ հանդիպել։ «Եթե ակտիվ բնակիչներից մարդիկ կան, որ ուզում են գնալ, ասեք, միասին գնանք»,–ասաց Շահինյանը։ Բնակիչներն էլ հայտարարեցին, որ ոչ մի տեղ չեն գնա, թող այդ ներկայացուցիչը գյուղ գա, քանի որ իրենք բոլորն էլ ասելիք ունեն։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվեր մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։