Երևանում ոստիկանություն տարված ակցիայի մասնակիցների թիվը հասել է 9-ի

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանցից մեկը բերման է ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից 9 անձ բերվել է ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կառավարության նիստ էր տեղի ունենում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցներն էլ կառավարության շենքի մոտ էին հավաքվել` իրենց անհամաձայնությունը հայտնելու Հայաստան–Ադրբեջան սահմանի սահմանազատման հանձնաժողովների կատարած աշխատանքներին։
«ՀՀ ոստիկանություն է բերվել 9 անձ, որոնցից 1-ը խուլիգանություն կատարելու կասկածանքով, իսկ մյուսները` ՎԻՎ 182-րդ հոդվածի համաձայն` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ մինչև այս ոստիկանություն բերվածների թիվը 3-ն էր` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։