ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ խորհրդակցություններ են անցկացվում: Տեղեկությունը «Ռուսաստան - իսլամական աշխարհ. KazanForum» միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կայացած նստաշրջանից հետո լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Դա երկար գործընթաց է․.. Բայց գործընթացը կարծես թե վերսկսվում է, այնտեղ տարբեր նրբերանգներ կան։ Հնդկական կողմը նույնպես հայտնում է իր շահագրգռվածությունը՝ հասկանալով, որ ԵԱՏՄ-ն լուրջ և դինամիկ շուկա է հնդկական ապրանքների համար, բայց հնդկական տնտեսությունը կարևոր է նաև ԵԱՏՄ բոլոր անդամների համար», - նշել է նա։
Սակայն դեռ վաղ է խոսել բանակցությունների մեկնարկի կոնկրետ ժամկետների մասին։
«Նախնական խորհրդատվություններն ինչպես մեր, նրանց կողմից, միջգերատեսչական, բանակցությունների նախապատրաստումն են։ Երբ դրանք (բանակցությունները,-խմբ.) լինեն, դուք կտեսնեք», - ասել է Պանկինը լրագրողներին։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանն աշխատելու է ԵԱՏՄ-ի և այլ երկրների ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնման ուղղությամբ:
Անցյալ տարվա վերջին Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյան Ջայշանկարը հայտնել էր, որ Ռուսաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա ամիսներին:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Դրա մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Այն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով խոշորագույն տնտեսական միավորումներից է։