ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին ձեռնտու է երկրին տնտեսական տեսանկյունից։ Տեղեկությունը «Ռուսաստան - իսլամական աշխարհ. KazanForum» միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կայացած նստաշրջանից հետո լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Հայաստանն, ի դեպ, ԵԱՏՄ նախագահն է այս տարի, կատարում է նախագահի գործառույթները։ Հայաստանը, ինչպես և ԵԱՏՄ բոլոր մասնակիցները, օգուտներ է ստանում մասնակցությունից», - ասել է նա։
Նրա խոսքով՝ տնտեսական միավորումն իրացման մեծ շուկա ունի, մասնակցությունը դրան, ենթադրում է բոլոր տեսակի տեխնոլոգիական արդյունաբերական կոոպերացիաներ, նախագծեր։ Նրա խոսքով՝ Հայաստանի օգուտները վիճակագրորեն հաստատված են տարբեր տնտեսական ցուցանիշներով։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Դրա մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Այն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով խոշորագույն տնտեսական միավորումներից է։