ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Դանիայի կառավարությունն Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթը կտրամադրի, որը կօգնի հակաօդային պաշտպանության և հրետանու աշխատանքի ապահովմանը: Փաթեթի արժեքը 5,6 մլրդ կրոն է (815 մլն դոլար), որից 2,4 միլիարդը (349 մլն դոլար) նախատեսված է ՀՕՊ համակարգերի գնման համար։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Միջոցների մի մասը կապված է F-16 կործանիչների մատակարարման հետ։
«Այսօր մենք արտաքին քաղաքականության խորհրդին տեղեկացրել ենք Ուկրաինային տրամադրվող օգնության նոր անհատույց փաթեթի մասին։ Այս փաթեթում, որն արդեն թվով 18-րդն է, հիմնական շեշտը դրված է հակաօդային պաշտպանության և հրետանու վրա, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային։ Բացի այդ, մենք միջոցներ ենք պահել ուկրաինական պաշտպանական արդյունաբերության մեջ ուղղակի ներդրումների համար, ինչպես նաև գումար ենք հատկացրել Ուկրաինային F-16-ների առաջիկա մատակարարման համար, որը նախատեսված է ամռանը»,-հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը։
Վերջին երկու տարում Դանիայի կողմից Ուկրաինային տրամադրված աջակցությունը կազմել է մոտ 5,6 մլրդ եվրո՝ պաշտպանության ոլորտում, ևս մոտ 584 մլն եվրո հատկացվել է քաղաքացիական հասարակությանը օգնելու համար։