ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան այսօր Ժնևում կարճ առանձնազրույց են ունեցել։ Տեղեկությունը Sputniik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԺ մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։
ԱԺ մամուլի ծառայությունը երեկ հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում։ Մասնակցելու են խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին։ Նշվում էր, որ այցի շրջանակում նախատեսվում է նաև Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։
«Երկու երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպումը տեղի կունենա այսօր` ժամը 20։30–ին»,– ասաց Ղուլյանը։
Հիշեցնենք` Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարների միջև հանդիպում էր կայացել նաև մարտի 22-ին Ժնևում։ Ըստ ԱԺ մամուլի ծառայության` Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հայտարարել էր, որ բավական կառուցողական հանդիպում է եղել։