Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան

Sputnik
Երեկ տեղեկացանք, որ աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել էր մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։
Նա նշել էր, որ ի պատասխան Դանիելյանին աշխատանիքց ազատելու որոշման, ինքը նույնպես աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, քանի որ վստահ է, որ Դանիելյանի ազատումը քաղաքական պատճառներ ունի։
Ավելի վաղ, Սամվել Դանիելյանն ու Գևորգ Թամամյանն աջակցություն էին հայտնել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Ի դեպ, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Դանիելյանի պաշտոնավարման ավարտին ընդամենը 15 օր էր մնացել։ Սպասվող նոր մրցույթին Սամվել Դանիելյանն իր թեկնածությունը չէր առաջադրել։
Տեղական ինքնակառավարման ու համայնքային կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ մարդուն աշխատանքի ընդունելիս առաջին հերթին պետք է գնահատվի պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական պատրաստվածությունը։
Ըստ Մարգարյանի` քաղաքական դրդապատճառներով մարդուն աշխատանքից ազատելն անընդունելի է։
«Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների»,-փաստում է Մարգարյանը։