Թող իրենց ակցիան իրականացնեն, կանգնած ենք մեզ համար. ՀՀ ոստիկանապետը` ցուցարարների մասին

Հովհաննիսյանն ասում է` ոստիկանության գործողությունները բացառապես միջոցառման և դրա մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը վստահեցնում է` ոստիկանությունն իր ամենօրյա աշխատանքն է իրականացնում, ոչ ավելին։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
Հայտնել ենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 14–ին հայտարարել էր, որ մայիսի 15-ին` ժամը 17։00–ին, երթով պետք է շարժվել Օպերայի տարածք` վարվող քաղաքականության համար պատասխան պահանջելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որը ելույթ է ունենալու EBRD միջազգային ֆորումի շրջանակում։
«Թող իրենց ակցիան իրականացնեն։ Ի՞նչ է անում ոստիկանությունը, կանգնած ենք, չէ՞, մեզ համար։ Ինչ–որ մեկին վիրավորո՞ւմ ենք, ինչ–որ վատ բան անո՞ւմ է ոստիկանությունը։ Ավելի շատ ոստիկաններին են վիրավորում, անդրադարձեք դրան։ Անդրադարձեք, օրինակ, այն դեպքին, որ կինը հայհոյում է, ես ամաչում եմ»,– ասաց Հովհաննիսյանը։
Լրագրողի նկատառմանը, որ ոստիկաններն էլ մի քանի հոգով մեկ քաղաքացու են ծեծում, ՀՀ ոստիկանապետը շեշտեց` կստուգեն, ծառայողական քննություն կլինի ու, եթե մի բան լինի` պատասխանատվության կենթարկվեն ոստիկանները։
«Խնդրում եմ, թողեք` խորհրդակցենք։ Առօրյա միջոցառումներ են իրականացվում, ոչ ավելին»,– նշեց Հովհաննիսյանը։
Ոստիկանական ուժեը Օպերայի հարակից տարածքում
Հարցին, արդյոք ամեն օր այսքան մեծաթիվ ոստիկանական ուժեր են հավաքված քաղաքի կենտրոնում, ոստիկանապետը շեշտեց` չեն լինում, քանի որ ամեն օր Հայաստանում 70-ից ավելի երկրից ներկայացուցիչներ չեն լինում։ Անդրադառնալով լրագրողի հարցին` արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համար են այսքան ոստիկաններ տեղակայվել օպերայի տարածքում, Հովհաննիսյանը վստահեցրեց` միջոցառման բոլոր մասնակիցների անվտանգության համար է արվում։
Ոստիկանական ուժեը Օպերայի հարակից տարածքում
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Այս պահին ակցիա է ընթանում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարող տարածքում։