Շարունակելու ենք մեր ակցիաները. Բագրատ սրբազանը ներկայացրեց մայիսի 16-ի ծրագրերը

Հետագա ծրագրերի մասին սրբազանը կհայտնի վաղը` ժամը 19։00-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 16–ի առավոտից կշարունակի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ դասադուլներ, փողոցների փակում և այլն: Այս մասին հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Վաղը, որքան հնարավոր է, պետք է շարունակվի ճանապարհներ փակելը, դասադուլները։ Պետք է հնարավորին չափով միանալ ակցիաներին»,– ասաց սրբազանը։

Նա հստակ ժամանակ չնշեց` ասելով, որ Telegram–յան ալիքներում լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն։
«Ի դեպ, վաղը` ժամը 11։00-ին կառավարության նիստն է։ Արդեն երեք օր է՝ կառավարությունը չի աշխատում։ Ես քայլում եմ, դռները փակ են, իսկ պատուհանների վարագույրը` ծածկած։ Անհասկանալի իրավիճակ է։ Գառնիկը (Դանիելյան. խմբ) ասում է` իրենք էլ են դասադուլ անում»,– ասաց Բագրատ արքեպիսկոպոսը։
Սրբազանը հավելեց, որ երեկոյան ժամը 19։00-ին կհավաքվեն Սուրբ Աննա եկեղեցու բակում, և կներկայացնի հետագա ծրագրերը:
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։