ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի –Sputnik. ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը կոչ է արել ուժեղացնել պայքարն օտարերկրացիներին ռուսաց լեզվին տիրապետելու մասին հավաստագրերի անվերահսկելի տրամադրման դեմ։ Համապատասխան տեսանյութը Telegram-ի իր ալիքում հրապարակել է գերատեսչության ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
«Անհրաժեշտ է մեծացնել ջանքերը օտարերկրյա քաղաքացիներին ռուսաց լեզվին տիրապետելու մասին հավաստագրերի անվերահսկելի տրամադրման դեմ պայքարում, բացահայտել մատնահետքերի գրանցումից եւ լուսանկարումից խուսափող անձանց», - ասել է նա:
Ներկայացնելով Ռուսաստանի ՆԳՆ երեք տարածքային մարմինների նոր ղեկավարներին՝ Կոլոկոլցևն ընդգծել է միգրանտների կողմից հանցագործությունների կանխման և բացահայտման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը, հանձնարարել է անհապաղ արձագանքել բնակիչներից ստացվող ահազանգերին, ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հրապարակումներին:
Նա նաև նշել է, որ միգրանտների մասնաբաժինը Ռուսաստանում կատարվող հանցագործություններում ցածր է՝ 4 տոկոս: Այնուամենայնիվ, երբ այլ երկրների քաղաքացիներն իրենց անպատշաճ են պահում, դա, բնականաբար, հանրային ուշադրության բարձրացում է առաջացնում:
ՌԴ ՆԳՆ կենտրոնական ապարատում աշխատանքային խումբ է գործում միգրանտների մասնակցությամբ աղմկահարույց իրավախախտումների փաստերին արձագանքելու համար:
Նախօրեին ՆԳ նախարարը Դաշնության խորհրդում հայտարարել էր «աշխատանքային միգրացիայի կարգավորման, միգրանտների ներկայության նկատմամբ վերահսկողության ուժեղացման բարեփոխման» նախապատրաստման մասին։