ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոն քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը կարևորել է Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի անցկացումը՝ ընդգծելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ համագործակցության փաստը:
Նա նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը:
Բասոն շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը ՎԶԵԲ տարեկան համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու համար: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է և փոխգործակցությամբ իրականացվում են արդյունավետ ծրագրեր:
Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Երևանում մեկնարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 33–րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը։ Համաժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ: Երևանյան համաժողովին շուրջ 2000 պատվիրակ է մասնակցում: