Օպերային հարող տարածքը մինչև 22:00 փակ կլինի. հայտարարությունը զայրացրեց Բագրատ սրբազանին

Այցիայի մասնակիցներն ուզում են երթով գնալ դեպի եկեղեցի, բայց ոստիկանները թույլ չեն տալիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարակից տարածքը փակ կլինի մինչև 22։00-ն։ Այս մասին հայտարարեց ՀՀ ոստիկանության ծառայողներից մեկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հազարավոր մարդիկ հավաքվել են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարող տարածքում, քանի որ օպերայի շենքում կազմակերպվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ակցիայի մասնակիցները որոշեցին գնալ դեպի Սայաթ–Նովա պողոտա` Սուրբ Աննա եկեղեցու բակ, բայց ոստիկանները թույլ չտվեցին։
«Տեղեկացնում ենք, որ Ազատության հրապարակում նախատեսված միջոցառումը, որի մասին հայտարարվել էր, որ տևելու է մինչև 20։00-ն, հարգելի պատճառներով երկարաձգվելու է մինչև 22։00–ն»,– հայտարարեց ոստիկանության մայորը։
Այս հայտարարությունը զայրացրեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
«Ստախոսներ, դուք սուտ եք խոսում, սա խաբեություն է։ Չեմ վիրավորում, դառը իրականությունն եմ ասում, դառը։ Ես ձեզ լավ եմ ճանաչում, թե ինչ եք արել, ինչ եք անում և ինչ եք անելու։ Դուք այս մարդկանց հետ ոչ մի կապ չունենք, դուք այս խաբեբա հարբեցողների ծառայության տակ եք մտել»,– ասաց սրբազանը` դիմելով ոստիկանության ծառայողներին։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։