Օպերայի և բալետի թատրոնի հարակից փողոցներն այսօր փակ կլինեն. ՆԳՆ

Օպերա. Արխիվային լուսանկար
ՆԳՆ–ն քաղաքացիներին հորդորում է ժամը 15.00-ից 20.00–ն ընկած ժամանակահատվածում շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. EBRD միջազգային ֆորումի շրջանակներում այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նշենք, որ Բագրատ սրբազանը երեկ հայտարարել էր, որ այսօր ժամը 17:00-ին Օպերայում միջազգային տնտեսական համաժողով է լինելու, որտեղ ելույթ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և քաղաքացիներին կոչ էր արել այդ ժամին լինել այնտեղ ու իրենց անհամաձայնությունը հայտնել վարվող քաղաքականությանը։
«ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության` փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։
ՆԳՆ–ն քաղաքացիներին հորդորում է այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները։