Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում կհնչի Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» հայկական օպերան

Մոսկվայի Մեծ թատրոնը
Հայ և ռուս արտիստները ելույթ կունենան Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Մեծ թատրոնի (Большой театр) Երիտասարդական օպերային ծրագրերի և Հայաստանի Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնի համատեղ համերգը կկայանա հունիսի 2-ին Մոկսվայի Մեծ թատրոնի նոր բեմում, հայտնում է թատրոնի կայքը:
Հայաստանի և Ռուսաստանի արտիստներն առաջին անգամ միասին հանդես եկան անցյալ տարվա նոյեմբերին. համերգը Հայաստանի ազգային թատրոնի բեմում մեծ հաջողությամբ անցավ: Հիմա երիտասարդ երգիչները ելույթ կունենան Մոսկվայում, նշվում է հաղորդագրության մեջ:
Ծրագրի հետաքրքիր ազգային «շեշտադրումը» կլինի հայկական առաջին ազգային օպերայի՝ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»-ից հատվածների կատարումը: Համերգի ծրագրում կընդգրկվեն նաև արիաներ, զուգերգեր և անսամբլներ Ալեքսանդր Բորոդինի, Միխայիլ Գլինկայի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Պյոտր Չայկովսկու, Անտոն Ռուբինշտեյնի, Սերգեյ Պրոկոֆևի, Ջոակինո Ռոսինիի, Ջուզեպպե Վերդիի, Պիետրո Մասկանիի, Ժորժ Բիզեի, Կամիլ Սեն-Սանսի, Շառլ Գունոյի օպերաներից:
«Ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանի հետ մենք վաղեմի լավ ընկերներ ենք և մեծ հետաքրքրությամբ ենք հետևում մեր ծրագրերի հաջողություններին, փորձի փոխանակում ենք անցկացնում»,-ասել է Մեծ թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրերի ղեկավար Դմիտրի Վդովինը:
Նա նշել է, որ Հայաստանը շատ հարուստ երաժշտական մշակույթ ունեցող երկիր է, և հայաստանցի երգիչները հատուկ տեղ են զբաղեցնում համաշխարհային երաժշտական ասպարեզում։