ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. «Տավուշ հանուն հայրենիքի» շարժումն առաջիկայում նախատեսում է մեծ հանդիպում անցկացնել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ ներկայացնելով շարժման կարճաժամկետ գործողությունների ծրագիրը։
«Ես ուզում եմ, որ դրան մասնակցեն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները»,– ասաց նա։
Սրբազանի խոսքով՝ նախատեսված են նաև հանդիպումներ տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների հետ։ Երկու օրից նախատեսված է հանդիպում բժիշկների, այնուհետև սպաների հետ. շարժման փաստաբաններն արդեն բանակցել են իրավաբանների հետ։
«Չեմ ասի, թե ով կլինի հաջորդը»,– ասաց հոգևորականը։
Նա նշեց, որ մի շատ ծանրակշիռ ուժի հետ են հանդիպել։ Լրագրողների հարցին, թե ում մասին է խոսքը, սրբազանը պատասխանեց` թող կուսակցությունն ինքն այդ մասին հայտարարի։
«Դժբախտաբար ՀՀ նախկին նախագահների հետ չեմ հանդիպել»,– հավելեց Բագրատ սրբազանը։
Նա տեղեկացրեց, որ սպասվում են նաև հանդիպումներ տնտեսագետների, մշակույթի և արվեստի գործիչների հետ:
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Այս պահին ակցիա է ընթանում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարող տարածքում։