Մարդիկ գումարի դիմաց Վանաձորից Ոսկեպար են գնացել՝ ակցիային մասնակցելու․ ՔԿ

Նախաքննությունը շարունակում է ֆինանսավորման աղբյուրներն ու շղթայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունները պարզելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Վանաձոր քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ Ոսկեպարում բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել։
Պարզվել է, որ երիտասարդը թիրախավորել է բարեգործական ճաշարանից օգտվող՝ սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների՝ նրանց մասնակից դարձնելով ՀՀ-ում տեղի ունեցող հավաքներին և բողոքի ակցիաներին:
«Հիշյալ անձը 2024 թվականի ապրիլի 24-ին մարդատար ավտոմեքենաներով Տավուշի մարզի Ոսկեպար համայնք է տեղափոխել գումարի դիմաց հավաքներին մասնակցելու համաձայնություն տված թվով 7 անձանց, որտեղ հոգացել է նրանց սնվելու հարցերը, ինչից հետո, պայմանավորվածության համաձայն, հիշյալ քաղաքացիները միացել են տեղում անհնազանդության ակցիա իրականացնող անձանց և մինչև ուշ երեկո մասնակցել միջպետական ավտոճանապարհը փակելու գործողություններին, ապա վերադարձել են Վանաձոր քաղաք ու ստացել նախապես խոստացված 3000-ական ՀՀ դրամ գումարները»,- հայտնում է ՔԿ-ն։
Քննչական կոմիտեն նաև տեղեկացնում է, թե նույն անձը կրկին բարեգործական ճաշարանի մի խումբ շահառուների շահագրգռել է ավտոբուսով մեկնել Երևանի Հանրապետության հրապարակ և մինչև ուշ երեկո մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից հրավիրված հանրահավաքին։ Մարդիկ հենց տեղում հիշյալ անձնավորությունից ստացել են նախապես խոստացված 3.000-ական ՀՀ դրամներն ու նույն տրանսպորտային միջոցով վերադարձել Վանաձոր:
Վանաձորի 27-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը: Նա ձերբակալվել է՝ խափանման միջոց կալանք կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար:
ՔԿ–ի ներկայացրած լուսանկարը
Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ներգրավված բոլոր անձանց ինքնությունները, նաև ֆինանսավորման աղբյուրները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի բնակչի կողմից նյութապես շահագրգռելու դեպքեր:
Այսպես՝ սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներ հանդիսացող Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ազգային անվտանգության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հաղորդում են ներկայացրել այն մասին, որ իրենց համաքաղաքացի 27-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով՝ գումարներ տրամադրելով, իրենց մասնակից է դարձրել 2024թ. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հավաքներին և բողոքի ակցիաներին:
Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: