ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները կրկին հանդիպել են. ի՞նչ են պայմանավորվել

Ադրբեջանի և Հայաստանի դրոշներ
Հանդիպման արդյունքում արձանագրություն է ստորագրվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովները` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հանդիպել են 9-րդ անգամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին։
«Հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, կողմերը համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։