Գիշերը ձերբակալվել են Իշխան Գևորգյանն ու ևս 4 քաղաքացի. իրավապաշտպան

Քաղաքացիները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երեկ գիշեր 72 ժամով ձերբակալվել են «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման աջակից 5 քաղաքացի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշել է, որ ձերբակալվածների թվում է նաև «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։
«Քաղաքացիները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են»,– գրել է նա։
Անազատության մեջ պահվող քաղաքացիներին այցելել ու նրանց պաշտպանությունը ստանձնել է իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։