ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երևանի պետական համալսարանի ավելի քան 50-ից ավելի դասախոսի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միանալու հայտարարության վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 50 դասախոս հանդես է եկել հայտարարությամբ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և աջակցություն հայտնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
«Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքական մի շարք ուժեր և անհատներ, նենգափոխելով ու խեղաթյուրելով իրականությունը, փորձում են Երևանի պետական համալսարանին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։