Արդեն 101 գիտնական և դասախոս պահանջել են այս մարդու հրաժարականը. Բագրատ սրբազան

Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանի խոսքով` ցանկանում են իրենց նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությանն արդեն 101 գիտնական և դասախոս է միացել։ Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ այս հայտարարությունն արեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Թվով 101 գիտնականներ, պրոֆեսորներ, դասախոսներ, մշակութային գործիչներ, տարբեր ոլորտի մասնագետներ պահանջել են այս մարդու հրաժարականը»,– նշեց սրբազանը։
Նա հիշեցրեց, որ այսօր մի շարք կուսակցությունների, ինչպես նաև բժիշկների, եզդիական համայնքի ներկայացուցիչներ հետ են հանդիպել։ Շեշտեց` առաջիկայում էլի հանդիպումներ կլինեն, նպատակ ունեն քաղաքական ամբողջ ներկապնակին տեսնել, որպեսզի դրանից հետո բոլորը միասին հանդիպեն։
Բագրատ սրբազանը շեշտեց` ցանկանում են իրենց նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։