ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Այսօր ժամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության խաղաղ ակցիաների 63 մասնակից։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացնում մայրաքաղաքում։ Կարմիրբերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել նրանց։
Սարգսյանը հայտնեց, որ ակցիայի մասնակիցները ոստիկանություն են տարվել ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182–րդ հոդվածի հիմքով` ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելը։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։