«Թումոն» Երևանում գիտական մշակումները բիզնեսում ներդնելու կենտրոն կկառուցի

Նոր համալիրը կկառուցվի հենց գործող «Թումո» կենտրոնի հարևանությամբ՝ Հրազդանի կիրճի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Թումո» կենտրոնը պատրաստվում է Երևանում լաբորատորիաների համալիր կառուցել՝ գիտական մշակումները բիզնեսում ներդնելու համար:
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 30 մլն եվրո, շինարարության ժամկետները գնահատվում են 2,5 տարի:
Նախագիծը մասամբ ֆինանսավորվում է «Թումո» հիմնադրամի հոգաբարձուների կողմից, որոնք կազմված են սփյուռքահայ գործարարներից: Լրացուցիչ միջոցները կտրամադրեն ԵՄ-ն (դրամաշնորհի տեսքով) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ինչպես նաև հայկական «Ինեկոբանկը»՝ վարկերի տեսքով: Վարկային համաձայնագրերը ստորագրվել են այսօր ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի շրջանակներում:
Առաջիկայում նախատեսվում է «Թումոյում» արդեն գործող լաբորատորիաների ցանցի ընդլայնում այլ ոլորտներում: Դա ապագայի խնդիր է, իսկ հիմնական համալիրը ընթացիկ ծրագրի շրջանակում կկառուցվի գործող «Թումո» կենտրոնի կողքին՝ Հրազդանի կիրճի մոտ։