ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Շինարարության ընդհանուր ծավալը 2024 թ. հունվար–մարտ ամիսներին կազմել է 72 մլրդ 195 մլն դրամ, 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,7 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որն այսօր հրապարակել է 4 ոլորտի եռամսյակային ցուցանիշները։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա նրա համախառն արդյունքն այս տարվա առաջին եռամսյակին կազմել է 87 մլրդ 274 մլն դրամ, որից 73 մլրդ 530 մլն դրամն անասնաբուծության հատվածն է, 13 մլրդ 744 մլն դրամը՝ բուսաբուծության։ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 4,5 տոկոսով
2024թ. հունվար–մարտին միջին հաշվով մեկ բնակչին ընկնող ծառայությունների ծավալն էլ կազմել է 253 645 դրամ՝ աճելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5 տոկոսով։
Կոմիտեից նշում են, որ ծառայությունների ծավալի կառուցվածքում գերակշիռ մասը բաժին է ընկնում Երևանին` 86.1 տոկոս։
Առևտրի շրջանառությունն առաջին եռամսյակում, 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 31,3 տոկոսով, կազմել է 1 տրլն 238 մլրդ 169 մլն դրամ, որից մանրածախ առևտրի ծավալը կազմել է 388 մլրդ 525 մլն դրամ, մեծածախը` 804 մլրդ 480 մլն դրամ, ավտոմեքենաների առևտուրը` 45 մլրդ 163 մլն դրամ։
Միջին հաշվով մեկ բնակչին ընկնող մանրածախ առևտրի շրջանառությունը առաջին եռամսյակում կազմել է 132 174 դրամ։