ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի հանրակացարաններում խուզարկություններից հետո ավելի քան 60 ներգաղթյալ է ձերբակալվել` տեղամասային տեսուչին կաշառելու գործով։ Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի քաղաքային վարչության մամուլի ծառայությունը։
«Այսօր Ռուսաստանի ՆԳՆ և ԱԴԾ տարածաշրջանային վարչությունների աշխատակիցների հետ համատեղ և Ռոսգվարդիայի ուժային աջակցությամբ քննիչներն իրականացրել են ավելի քան 10 խուզարկություն, որոնց ընթացքում ձերբակալվել է առնվազն 60 օտարերկրյա քաղաքացի»,– ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ խուզարկություններն անցել են կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործի հետաքննության շրջանակներում։
Ոստիկանության ավագ տեղամասային տեսուչը, ըստ հետաքննության վարկածի, 2023 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի ապրիլը 70 հազար ռուբլի կաշառք է ստացել երկաթուղային և ավիատոմսերի վաճառքի առևտրային գործունեություն իրականացնող ձեռնարկատիրոջ կողմից։
Քրեական գործի նյութերից հետևում է, որ մեղադրյալը հարաբերություններ է պահպանել մի շարք ներգաղթյալների հետ։ Պարզվել են նրանց բնակության հասցեները։
Նշվում է նաև, որ ներկայում պարզվում են Ռուսաստանի տարածքում նրանց գտնվելու հանգամանքները, ինչպես նաև որոշվում է ապօրինի միգրացիայի կազմակերպման փաստով քրեական գործ հարուցելու հարցը։