ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ համաշխարհային ժողովրդավարությունը անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների դիմակայման հարցում կաջակցի ՀՀ–ին։ Նա այդ մասին հայտարարել է` ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում»։
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարական բարեփոխումների հետ մեկտեղ Հայաստանը դիմակայել է արտաքին անվտանգության մարտահրավերների` 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքներ 2021-2022 թվականներին և Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացիան՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անտարբերության և անգործության պայմաններում։ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 000 հայերի բռնի տեղահանումը Հայաստանի քաղաքացիների մոտ կասկածի տակ է դրել՝ ժողովրդավարությունը ճի՞շտ ընտրություն է, թե՞ ժողովրդավարությունը նշանակում է ավելի քիչ անվտանգություն:
Նա ընդգծել է, որ ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր արդյունավետությունը անվտանգության, տնտեսական և հումանիտար մարտահրավերներին դիմակայելու հարցում:
«Մենք հույս ունենք տեսնել, որ համաշխարհային ժողովրդավարությունը կանգնած է մեր կողքին՝ լուծելու այդ բոլոր մարտահրավերները», - հավելել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանը կընդգրկվի նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի ծրագրերում` նշելով, որ ՀՀ–ն այս առումով ակնկալում է ԵՄ անդամ երկրների աջակցությունը:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը Դանիա է մեկնել ապրիլի 13-ին։ Այցն աշխատանքային է։