ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու որևէ կերպ տատանումը կարող է անկանխատեսելի իրավիճակի հանգեցնել։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը։
Նշենք, որ իշխանական թևը պարբերաբար «հարձակումներ» է գործում Հայ առաքելական եկեղեցու վրա։ Օրերս ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը գրառում էր արել սոցցանցում` ընդգծելով, որ Հայաստանում քրիստոնեական եկեղեցու 1700–ամյա պատմությունը միֆ է, և այն պետք է հիմնովին քանդել։
«Իշխանության և եկեղեցու միջև հարաբերությունները հիմա բավական սրված են, բայց լավ կլինի, որ այդպես չլինի։ Հայոց եկեղեցին Սահմանադրությամբ առանձնացված բացառիկ պատմական նշանակություն ունեցող կառույց է։ Եղել են ժամանակներ, երբ փլուզվող երկիրը պահել է հենց Հայ առաքելական եկեղեցին։ Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը և՛ Հայաստանում, և՛ այլ երկրներում առաջինը եկեղեցիներ է կառուցել, հետո տներ, հետևաբար եկեղեցին հայ ազգի յուրօրինակ կնիքն է։ Եկեղեցին իր ինքնությամբ մեր ազգային էության կրողներից մեկն է։ Որևէ կերպ նրա տատանումը կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, որոնք մեզ համար հաճելի չեն և անկանխատեսելի են»,– ասաց Խաչատրյանը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, պետք է Հայաստանի և Արցախի շուրջ վերջին իրադարձություններին ավելի ընդհանրական նայել։
«Ճնշումն իրականացվում է գերճշգրիտ, հետևողական և ունի հերթականություն։ Կարելի է ենթադրել, որ իրականացվում է «Մեծ Թուրան» նախագծի «ճանապարհային քարտեզը»»,– նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով` արևմտյան երկրները հսկայական միջոցներ են ներդրել այդ նախագծում, և իզուր չէր, որ Էրդողանը Փաշինյանին առաջարկում էր «Զանգեզուրի միջանցքին» առանձին կարգավիճակ տալ։ Խաչատրյանը նշեց` եթե այդ ճանապարհին խանգարում է Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը, ապա դրա դեմ կոնկրետ գործողություններ են ձեռնարկվում։ Աստվածաբանը այս համատեքստում է դիտարկում նաև արցախահայերի տեղահանումը։
«Մեծ Թուրանի» ստեղծման գործընթացին հակազդելու գործում Խաչատրյանը Հայաստանի բնական դաշնակիցներ է տեսնում Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։