ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին չեն հրավիրել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը։ Տեղեկությունը սոցցանցերում հայտնել է Լիլիթ Գալստյանը։
Գալստյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ազգային ժողովի պատվիրակության երեք մշտական անդամներից մեկն է։
Նրա խոսքով` հանդիպումից մի քանի ժամ առաջ ԵԱՀԿ ԽՎ քարտուղարությունից փորձել է ճշտել հանդիպման վայրն ու ժամը, սակայն նրան պատասխանել են, որ Յան Բորգը հանդիպելու է միայն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
«Հետո տարածված հաղորդագրության և ռեպորտաժի մեջ երևում են պատվիրակության մյուս երկու՝ իշխանական ներկայացուցիչները՝ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանը։ Քստմնելի ասելը մեղմ է, սա վարք է՝ ժողովրդավարության բաստիոնի վախեցած ու նողկալի վարքը, անվերջ ստելու ու քաղաքական գողությամբ զբաղվելու վարքը»,–գրել է Գալստյանը։
Նրա կարծիքով` իշխող քաղաքական ուժը պարզապես վախենում էր ընդդիմադիր քաղաքական գործչին թույլ տալ հանդիպել ԵԱՀԿ նախագահի հետ։ Սակայն նման մարտավարությունը դատապարտված է ձախողման, քանի որ մոտ ապագայում նախատեսվում է ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովը, և ընդդիմությանը լռեցնել չի հաջողվի։
Հիշեցնենք, որ Յան Բորգը Երևան էր ժամանել մայիսի 13-ին։ Նա հանդիպում էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։