Գուտերեշը զսպվածության և երկխոսության կոչ է անում Վրաստանի հանրությանն ու կառավարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև մտահոգված է Վրաստանում խոսքի ազատության, ԶԼՄ-ների աշխատանքի և քաղաքացիական հասարակության վրա այդ օրենքի հնարավոր բացասական ազդեցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վրացական կառավարությանն ու հասարակությանը զսպվածության և երկխոսության կոչ է արել: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
Գուտերեշը մտահոգություն է հայտնել կոշտ բախումների և օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագծին դեմ արտահայտվող ցուցարարների դեմ իրավապահ մարմինների կողմից ուժի անհամաչափ օգտագործման մասին հաղորդագրությունների կապակցությամբ։
Հաքը նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև մտահոգված է Վրաստանում խոսքի ազատության, ԶԼՄ-ների աշխատանքի և քաղաքացիական հասարակության վրա այդ օրենքի հնարավոր բացասական ազդեցությամբ:
«Գլխավոր քարտուղարը պնդում է, որ բողոքի ակցիաների ժամանակ անպատշաճ վերաբերմունքի բոլոր դեպքերի շուտափույթ հետաքննության անհրաժեշտություն կա»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը հիշյալ օրինագիծն ընդունել է երրորդ և վերջնական ընթերցմամբ: