Երևանում 38 քաղաքացու տեղափոխել են ոստիկանության տարբեր բաժիններ. ՀՀ ՆԳՆ

Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր հատվածներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Երևանում խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող անձանցից 38–ը տարվել են ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացնում մայրաքաղաքում։ Կարմիրբերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել նրանց։
«38 քաղաքացի բերվել են ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182–րդ հոդվածով»,– հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։